«Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ է միանշանակ և վճռական հաղթանակ, հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա հայտնել է, որ իր կառուցած խոշորագույն բիզնես ընկերության կառավարումը փոխանցում է երեխաներին, որպեսզի անձնվիրաբար ծառայի երկրին և կերտի Հայաստանի քաղաքացիների լավագույն ապագան։
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքական գործչի տեսաուղերձը ցուցադրվել է կուսակցության հանրահավաքի ժամանակ՝ Երևանի կենտրոնում։ Հանրահավաքն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նա նշել է, որ իր ուժի նախաձեռնած փոփոխությունները հնարավոր չէ կասեցնել։
«Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի»,- ասել է Կարապետյանը։
Նա հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժի նպատակն է Հայաստանը դարձնել անվտանգ, խաղաղ և հարուստ պետություն։ Ընդգծել է, որ երկրին անհրաժեշտ են կառավարիչներ, որոնք ոչ թե սեփական գրպաններն են լցնում բյուջեի հաշվին, այլ պատրաստ են ներդնել սեփական միջոցները հանուն հայրենիքի բարեկեցության։
Կարապետյանի խոսքով՝ հմուտ դիվանագիտության և հզոր տնտեսության շնորհիվ հնարավոր կլինի կառուցել անվտանգ ու բարգավաճ երկիր։ Նոր գործարանների հիմնումն ու 300 000 նոր աշխատատեղի ստեղծումը կդառնա այն հիմքը, որը թույլ կտա ունենալ պաշտպանված երկինք և պրոֆեսիոնալ վերազինված բանակ։
«Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով»,- ասել է նա։
Կարապետյանն ընդգծել է, որ հենց ուժեղ տնտեսությունն է երաշխավորելու իրական խաղաղություն՝ ոչ թե բառերով, այլ գործով։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ իրենք «թույլ խաղաղությունը» փոխարինելու են «ուժեղ խաղաղությամբ», և Հայաստանի ձայնը լսելի է լինելու Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում ու Պեկինում։
Նշելով, որ իշխանությունները քայքայել են սփյուռքի հետ հարաբերությունները, նա ընդգծել է, որ կարող է վերականգնել սփյուռքի հետ փոխադարձ վստահությունը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ իրենց չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ կսկսվի, Կարապետյանը հիշեցրել է, որ հենց սեպտեմբերին են տեղի ունեցել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, Արցախի բռնի հայաթափումն ու էթնիկ զտումը։ Կարապետյանի հավաստմամբ՝ իր գլխավորած ուժի հաղթանակի դեպքում «գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ են լինելու»։
Դիմելով ներկաներին՝ նա կոչ է արել չվախենալ ռեպրեսիաներից ու ձերբակալություններից։
«Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։ Երբեք չենք մոռանալու, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու Արարատ լեռն են մեր սիրտը»,- շեշտել է գործիչը։
Կարդացեք նաև՝
Փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը



























