Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա՝ ուղեղի ցնցում, հայտարարել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ խոսքը մարտի 29-ին՝ Ծաղկազարդի պատարագին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող հետազոտության մասին է։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։
Դիտեք նաև՝
«Շատ սխալ», «կոտրեցին», «պետք չէր վարչապետին դեմ գնալ». հարցում՝ դպրոցականի կալանքի մասին
























