Փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրել է նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ վերջինս «չի հանդգնի երբևէ ասել, որ Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա իր ուզած տարբերակով»։
Ըստ Փաշինյանի՝ Ընտրական օրենսգիրքը փաստաթուղթ է, որը եթե լայն ընկալում և ըմբռնում չունենա քաղաքական ուժերի և հանրության շրջանում, «կկորցնենք շատ կարևոր բան»։
Վարդևանյանը շեշտել է, որ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների նախօրյակին ԸՕ-ում կատարել է փոփոխություն, որով արգելում է դաշինքներին օգտագործել անձնանուն դաշինքի անվանման մեջ այն դեմքում, երբ մարտի 31-ին հայտարարվել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի մասին։
«Գիտակցելով, որ ՀՀ սահմանադրությամբ, Վենետիկի հանձնաժողովի կանոններով և, ընդհանրապես, եվրոպական փորձի համաձայն, ընտրություններին, երբ կարճ ժամանակահատված է մնում, նման փոփոխություններ, որոնք իրենց էության մեջ բովանդակային են, սուբստանտիվ են, արգելվում են, իրենք այս գործողությունները կատարում են փաստացի միայն մեկ անձի և մեկ քաղաքական միավորի ցանկությամբ»,- նշել է նա։
Ազգային ժողովն ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքի անվան մեջ անձնանուններ կիրառել։ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: Օրինագիծը մշակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից նույն օրը հայտարարել էին, որ նախագիծն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է՝ հաշվի առնելով, որ անվան մեջ անձնանուն կա։ Կուսակցությունում պատահական չէին համարել նախագիծը՝ հաշվի առնելով, որ մի քանի օրից ԱԺ ընտրությունների համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու օրն է։





































