Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգման խորհրդին» միացած Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է իշխանությունների այս գաղափարից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Օրաթերթի հարցին ի պատասխան՝ Քարամյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է լուրը։
«Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք, ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,- ասել է բարձրաստիճան հոգևորականը թերթին։
Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակային հայտարարություններով հանդես էին եկել Մայր Աթոռի դիրքորոշման դեմ՝ փաստացի սատարելով իշխանությունների քաղաքականությանը եկեղեցու նկատմամբ: «Տիրադավներ» անվանումն ստացած այս խմբի մեջ էր ընդգրկված, ի թիվս այլոց, արքեպիսկոպոս Քարամյանը: Նրանք հայտարարել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է «հանգստի կոչվի»: Մայր Աթոռը նրանց գործողությունները որակել էր որպես «եկեղեցական կարգապահության կոպիտ խախտում» և հորդորել «վերադառնալ կանոնական դաշտ»:
Փաշինյանը և տասը եպիսկոպոս հունվարի 5-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս մարմնին վերապահել են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
























