ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «զգալի ազդեցություն» ունենալ Իրանի գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես զգալի ազդեցություն կունենամ, հակառակ դեպքում՝ կարգավորում չի լինի»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսլամական Հանրապետության ապագա ղեկավարությունը «կկառուցի առանց միջուկային զենքի Իրան» և մտադիր է «համագործակցել՝ նրանց լավ ընտրություն կատարելուն օգնելու հարցում»։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, որին լրատվամիջոցներն անվանել են Իրանի առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածու, անվանել է «անգործունակ»։
Թրամփը նաև հաստատել է, որ աջակցում է քրդերին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական գործողությանը ներգրավելու գաղափարին։
«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տունը հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի՞ օդային աջակցություն ցուցաբերել քրդերին, եթե նրանք միանան գործողությանը․ «Ես դա չեմ կարող ասել ձեզ»։
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել էր, որ իր երկիրը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությանը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել էր ստացած վնասվածքներից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով:





































