Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո որոշել են դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի նախարարների կաբինետին։
Հայտարարության համաձայն՝ բեռնատարների երթևեկությունը, այդ թվում՝ տարանցիկ, ամբողջությամբ դադարեցվել է իրանա-ադրբեջանական սահմանի բոլոր սահմանային անցակետերում։
Ադրբեջանը նաև 12 ժամով փակել է իր օդային տարածքի մի մասը հարավում գտնվող Իրանի սահմանի մոտ, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով օդաչուներին ուղղված ծանուցմանը (NOTAM):
Միջադեպից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և հերքել Իրանի կողմից Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը։
«Արաղչին հատուկ նշել է Իսրայելի դերը հանրությանը մոլորեցնելուն և բարիդրացիական հարաբերությունները խաթարելուն ուղղված նման հարձակումներում՝ նշելով, որ նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նաև նախկինում»,- ասվում է հայտարարության մեջ։
Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն «ակնկալում է Իրանից ներողություն, հետաքննության արդյունքների հնարավորինս շուտ պարզաբանում և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»:
Ադրբեջանական կողմը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել որոշ երկրների ղեկավարների և Արտաքին գործերի նախարարների հետ: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը և աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները նույնպես քննարկել են իրավիճակը: Բայրամովը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Սաարը «դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով անընդունելի, և համերաշխություն է հայտնել Ադրբեջանին»:
Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է երկու ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։ Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։






































