Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցը: Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը:
Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:






































