Բլոգեր Վարդան Ղուկասյանի (հայտնի է որպես «Դոգ») գլխավորած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը կմասնակցի ՀՀ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին հայտարարվել է Երևանում տեղի ունեցած կուսակցության համագումարում: Ղուկասյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ի բանտում, համագումարի մասնակիցներին ուղղված ձայնային ուղերձում հայտարարել է, որ ինքը կլինի կուսակցության «լոկոմոտիվն» ընտրություններում: Նա նշել է, որ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքի կազմում:
Կուսակցության շտաբի ղեկավար Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունը Ղուկասյանին կառաջադրի որպես վարչապետի թեկնածու: Նա նաև նշել է, որ կուսակցությունը դիմել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներին՝ Ղուկասյանի ազատ արձակման և Ռուսաստան տեղափոխվելու հարցով:
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործի շրջանակներում։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
Բլոգերը 2024 թվականի հունվարին հայտարարել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ստեղծման մասին։




































