Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի խաբում, ջրի պակաս իսկապես կա, սակայն ջրանջատումների տևողությունը պետք է չնչին լինի:
Նրա խոսքով, սակայն, ընկերության կողմից նախօրեին հրապարակված 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմի անցնելու որոշումը չի համաձայնեցվել կոմիտեի հետ, և արդեն իսկ չեղարկվել է:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Վեոլիա Ջրի» փաստարկները հիմնավորվա՞ծ են, Ղալամքարյանն ասել է. «Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա «պիկ» ամիսներին, փաստ է: «Վեոլիան» նախապես ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել, ինչն այդպես է: Հարցն այն է, թե ջրանջատումների տևողությունն ինչպիսի՞ն պիտի լինի»:
Ղալամքարյանը տեղեկացրել է, որ ջրամատակարարման ռեժիմները կվերանայվեն և կբարելավվեն:
«Այն հասցեներով, որտեղ նախատեսվում էր 17-ժամյա ռեժիմ, ջրամատակարարման ժամերը կավելացվեն»,- հայտարարել է նա։
Հնարավոր է, որ ջրանջատումները լինեն ոչ թե 00:00-07:00-ն, այլ, օրինակ, 02:00-05:00-ի ժամանակահատվածում։
Ինչ վերաբերում է ջրի կորուստների խնդրին, Ղալամքարյանը նշել է, որ առկա է ապօրինի ջրօգտագործման լուրջ հարց:
«Մենք տեսնում ենք, որ ջուրը, որը պիտի հասներ Կենտրոն կամ Արաբկիր, չի հասնում, ճանապարհին կորում է»,- ասել է նա:
Ցայտաղբյուրների ապօրինի ջրօգտագործման հետ կապված նշել է, որ պատմական արժեք ներկայացնող ցայտաղբյուրները պահպանվելու են, սակայն մյուսների մոտ տեղադրված փականներից 300-ից ավելին վնասվել են:
«Վեոլիա Ջուրը» փետրվարի 23-ին հրապարակել էր ջրամատակարարման գրաֆիկը, ըստ որի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանում և հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում էր ջուր մատակարարել օրական 17 ժամ (07:00-24:00)։ Սահմանափակումները պետք է անդրադառնային մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների բազմաթիվ հասցեների վրա։
Ընկերությունը պատճառաբանել էր, որ նման քայլը պայմանավորված է ամռան ամիսներին ջրի սպառման ծավալների աճով, տասնյակ հազարավոր նոր սպառողների միացմամբ, ջրաղբյուրների ջրատվության նվազմամբ (շուրջ 24%-ով), ինչպես նաև գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությամբ։
Հրապարակումը հասարակության և լրատվամիջոցների կողմից արժանացել էր կտրուկ բացասական արձագանքի։
Փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գրաֆիկը կասեցվել է կառավարությունում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքում։





































