ՌԴ-ում կապիկի ծաղիկ հիվանդության երկու նոր դեպք է արձանագրվել Թաիլանդից ժամանած զբոսաշրջիկների մոտ, նրանք հոսպիտալացվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի «Ռոսպոտրեբնադզորի» միջտարածաշրջանային վարչությունը տեղեկացնում է Թաիլանդի զբոսաշրջային ուղևորությունից վերադարձած քաղաքացիների մոտ կապիկի ծաղիկ հիվանդության լաբորատոր հաստատված երկու դեպքի հայտնաբերման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հիվանդներն անմիջապես տեղափոխվել են վարակիչ հիվանդությունների ստացիոնար բաժանմունք։
Նշվում է նաև, որ հիվանդացած զբոսաշրջիկների վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Պացիենտների վիճակը բավարար է, կյանքի համար սպառնալիք չկա»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնել է, որ հայտնաբերվել է հիվանդների հետ շփված անձանց շրջանակը, նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո։
«Ռոսպոտրեբնադզորում» հայտարարել են, որ այս դեպքերի հայտնաբերումից հետո հիվանդության տարածումը կանխվել է։





































