Ազգային ժողովում չընդունեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման պահանջով «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը։
Նախագծին կողմ էր քվեարկել միայն ընդդիմությունը՝ 28 ձայնով։
«Հայաստան» խմբակցությունը նախագիծը ներկայացրել էր փետրվարի 11-ին։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ Հակոբյանն իր հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցնում ՀՅԴ հասցեին, որոնք ուղեկցվում են ատելության քարոզով։
Մինասյանը շեշտել էր, որ նրա կողմից թույլ տրված ձևակերումները հակասում են օրենքին ու կանոններին։
«Սա միայն այն մասին չէ, թե ինչպես է «անկախ» կոչվող պետական մարմնի անդամը խախտում Սահմանադրության և օրենքի պահանջը։ Սա նաև բարոյական գնահատման չափանիշի մասին է։ Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, չեզոքություն, նման գնահատականներ հնչեցնել»,- նշել էր Մինասյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նույնպես ՀՌՀ անդամի վարքագծի կանոնների խախտում էր արձանագրել։




































