Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշել է, որ ներկայումս աշխարհում հաշվարկվում է 93 քաղաք, որ ունի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Սակայն, մոլորակի շարունակական տաքացման պայմաններում, այդ քաղաքների շրջանակն արագորեն «նեղանում է»։
«Այս շաբաթ հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականն ընդամենը չորս քաղաք կկարողանա ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերն առանց արհեստական ձյան օգտագործման»,- գրել է նա՝ հղում անելով Observer-ին։
Ըստ Ազիզյանի՝ այս խնդիրն առանցքային տեղ է զբաղեցնում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) օրակարգում, որը պատրաստվում է հաջորդ ամիս Իտալիայի Միլան-Կորտինա քաղաքներում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին։ Կառավարող մարմինը, նրա տեղեկություններով, դիտարկում է մի շարք տարբերակներ՝ բարձրացող ջերմաստիճանների խնդրին արձագանքելու համար․ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միավորում, խաղերի անցկացում տարբեր քաղաքներում կամ նույնիսկ խաղերի ավանդական մեկնարկի ժամկետների փոփոխություն՝ տարվա առավել ցուրտ ամիսներից առավելագույն օգուտ քաղելու նպատակով։
Ազիզյանը նկատել է, որ ջերմաստիճանի բարձրացումն ազդեցություն է ունենում ոչ միայն ձմեռային Օլիմպիական խաղերի վրա։ Ամառային Օլիմպիական խաղերը նույնպես արդեն բախվում են լուրջ մարտահրավերների: Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնային վազքերը տեղափոխվել էին Սապպորո՝ ծայրահեղ շոգից խուսափելու նպատակով։ 2032 թվականի Բրիսբենի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ձմռանը, ոչ թե ամռանը՝ ավելի զով եղանակից օգտվելու համար։





































