ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆլեշմոբ է նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիսկոտեկին ընդառաջ, որի ընթացքում կպարի մի շարք երիտասարդների հետ։ Այդ մասին նա մանրամասնել է ԱԺ-ում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Միջոցառման փորձերից տեսանյութ Փաշինյանը հրապարակել էր հունվարի 29-ին։
Նախարարի խոսքով՝ ֆլեշմոբի միտքն առաջացել է մի քանի օր առաջ հարցազրույցի ժամանակ։ Պարի ֆորմատն ընտրել է, քանի որ «երգելու կամ նվագելու շնորհք չունի»։
«Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում և երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն պարում էլ եմ։ Դա անում եմ աշխատանքից դուրս՝ երեկոյան ժամերին, և ես կարծում եմ՝ երկար, բարդ, ծանր աշխատանքի հետ մարդը պիտի ունենա նաև այլ հետաքրքրություններ․ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը պահել»,- ասել է նա։
Ավանեսյանը նաև մեկնաբանել է այն մեղադրանքները, որ ֆլեշմոբով է զբաղվում այն ժամանակ, երբ այսքան խնդիրներ կան առողջապահական ոլորտում, հատկապես պարտադիր ապահովագրման համակարգի ներդրման հետ կապված։ Նա պնդում է, թե աշխատում է աշխատանքային ժամերից շատ ավելի երկար, բայց նաև «ունի կյանք»։
Նախարարը չի բացառել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կին պաշտոնյաները և կին պատգամավորներն ընդհանուր համույթ ձևավորեն և, օրինակ, նման պարով հանդես գան։
«Դե, տեսեք, հարցազրույցից միտք էր առաջացել, դարձավ իրականություն։ Հիմա գործընկերներս կլսեն, կարող է՝ այս միտքն էլ կարողանանք իրագործենք, ինչո՞ւ ոչ։ Կարող եք դուք լրագրողներով էլ միանալ, ինչո՞ւ ոչ»,- ասել է նա։





































