Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հունվարի 29-ին հրդեհ է բռնկվել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է ժամը 14։15-ին։

Ժամը 15։34-ի դրությամբ՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական փրկարարական ջոկատներ։ Տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։ Այդ ժամին հրդեհի վայր մեկնած ջոկատների թիվը 15 էր։

Դեպքի վայրում, ժամը 17։00-ի դրությամբ, աշխատում է 18 ջոկատ՝ կատարելով հրդեհաշիջման աշխատանքներ։ ՆԳՆ-ից տեղում լրագրողներին հայտնել են, որ հրդեհի տարածումը կանխելու աշխատանքներ են տարվում, ինչը գրեթե հաջողվել է։

Ժամը 17։40-ի դրությամբ՝ տուժել է մեկ մարդ։ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկը տեղեկացրել է, որ քաղաքացին ծուխ էր շնչել, բայց վիճակն արդեն բավարար է, նրան հիվանդանոց չեն տեղափոխել։







































