Արցախցի վերջին հայերը հեռացել են ոչ թե իրենց կամքով, այլ ադրբեջանական իշխանությունների ճնշմամբ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը:
Նա նրանց տեղափոխությունը բնութագրել է որպես «էթնիկ զտումների վերջին ակորդ»։ 11 տեղահանվածների մեծ մասը տեղավորվել է Աղվերանի հյուրանոցում։
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ասել է Պետրոսյանը: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, սակայն պարզել են՝ իրենցից մեկը չկա:
Պետրոսյանի խոսքով՝ Միշա Գրիգորյանը հրաժարվել է գալ՝ հայտարարելով, թե վախենում է, որ հայերը կարող են իրեն սպանել։ Պետրոսյանի փոխանցմամբ՝ լացուկոծ անելուց հետո նրան կրկին նստեցրել են մեքենա և տարել։
Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցներին պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, ըստ այդ ԶԼՄ-ների՝ նա հարցնում էր, թե հայերն ինչո՞ւ են հեռանում Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։ Հայ իրավապաշտպանները, նշում է «Ազատություն» ռադիոկայանը, վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:
Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային էին Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:
«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ ինչո՞ւ եք մնացել, գնացեք»,- նշել է Պետրոսյանը:
Վերադարձածներից մեկի հարազատն էլ պատմել է՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով: Պետրոսյանն էլ հավելել է՝ Արցախից վերջին հայերին վտարել են, ոչ թե նրանք Հայաստան են եկել իրենց դիմումի համաձայն: Ըստ նրա՝ իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին հայտնել էր, որ Արցախում մնացած 11 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ բժիշկների խումբը հետազոտել է բոլոր 11 ժամանողին: 1 անձ լրացուցիչ հետազոտման նպատակով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար:






































