Հայաստանը, Ավստրիան, Ադրբեջանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ուզբեկստանը զրկվել են կարմրուկից զերծ երկրների կարգավիճակից՝ 2024 թվականին դեպքերի աճի ֆոնին, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է Euronews-ը:
Երկիրը կորցնում է կարմրուկից զերծ կարգավիճակը, եթե վիրուսը վերադառնում է, և փոխանցումը շարունակաբար պահպանվում է ավելի քան մեկ տարի, նշել է կազմակերպությունը:
«Վերահսկողության ուժեղացման, բռնկումների արձագանքման բարելավման և նպատակային ջանքերի շնորհիվ բոլոր երկրները կարող են հասնել վարակի վերացման և աջակցել այդ քաղաքականությանը»,- Euronews Health-ի մեկնաբանության մեջ ասել է Եվրոպայում ԱՀԿ ներկայացուցիչ Բհանու Բհատնագարը:
Միջազգային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կարմրուկը հաճախ դառնում է առաջին հիվանդությունը, որը վերադառնում է, երբ պատվաստումների ծածկույթը նվազում է, ինչը կարևորում է երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից քաղաքական կամքի և ֆինանսավորման ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը:
Հաղորդվում է, որ Եվրոպայում դեպքերի թիվն աճում է: 2024 թվականին Անգլիայում լաբորատոր հաստատվել էր կարմրուկի 2911 դեպք, ինչը 2012 թվականից ի վեր ամենաբարձր տարեկան ցուցանիշն է։ 2025 թվականի տվյալներով՝ գրանցվել է 957 դեպք, որոնց մեծ մասը 10 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ էր։
Իսպանիայում դեպքերի թիվը տարեցտարի աճում է։ Ըստ կառավարության տվյալների՝ 2025 թվականին երկրում գրանցվել էր մոտ 400 դեպք, ինչը կրկնակի ավելի է, քան 2024 թվականին։
2024 թվականին Ավստրիայում նույնպես կարմրուկի աճ էր գրանցվել։ Բժշկական հաստատությունները հայտնել էին 542 դեպքի մասին, ինչը կտրուկ աճ է համարվում նախորդ տարվա 186 դեպքի համեմատ:






































