Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձը պետք է կազմի 10 դրամ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
«Առաջին հայացքից՝ սա պարզապես 10 դրամ է, բայց ոչ միայն։ Սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է»,- ասել է Կարապետյանը՝ ցույց տալով 10 դրամանոց մետաղադրամ։
Նա նախկինում հայտարարել էր, որ եթե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված շարժումն իշխանության գա, Հայաստանի վարչապետը կստանա տարեկան 1 դրամ աշխատավարձ և պարգևավճար չի ստանա։
Կարապետյանը հունվարի 20-ին ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլերից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։




























