Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ եթե կանգնեն ընտրության առաջ, իրենց նախապատվությունը կտան Դանիային՝ Միացյալ Նահանգների փոխարեն, հայտնում է Copenhagen Post-ը։
«Մենք այժմ բախվում ենք աշխարհաքաղաքական ճգնաժամի, և եթե հիմա ստիպված լինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև, մենք կընտրենք Դանիային»,- ասել է նա Կոպենհագենում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում։
Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է և զգուշացրել, որ ռազմական ուժի կիրառումը կվնասի տրանսատլանտյան պաշտպանական դաշինքին։
«Մեր դաշնակիցների կողմից բացարձակապես անընդունելի ճնշմանը դիմադրելը պատմականորեն դժվար էր։ Սակայն շատ նշաններ ցույց են տալիս, որ ամենադժվարը դեռ առջևում է»,- ասել է նա։
Հունվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել էր օրինագիծ՝ «Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու և նրան պետականություն շնորհելու մասին»։
Հունվարի սկզբին՝ Վենեսուելայում ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան «բացարձակապես կարևոր է» ԱՄՆ-ի համար. կղզին, նրա խոսքով, «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ Կարճ ժամանակ անց, ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Գրենլանդիայի վերաբերյալ ձևակերպումները չեն ենթադրում ներխուժում, այլ նպատակը կղզին Դանիայից գնելն է։
Մոտ 57 000 բնակչություն ունեցող Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչև 1979 թվականին սահմանափակ ինքնակառավարում և սեփական խորհրդարան ստանալը։ 2009 թվականին այն ձեռք էր բերել ինքնավարություն՝ իր ներքին քաղաքականության նկատմամբ անկախ վերահսկողություն ունենալով, բայց մնացել էր Թագավորության մաս։
Ներկայումս ավելի քան 100 ամերիկացի զինվորական տեղակայված է Գրենլանդիայի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող Պիտուֆիկ տիեզերական բազայում. օբյեկտը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։






































