Հալեպում շարունակվող բախումների հետևանքով հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, հայտնել է «Գանձասար»-ը։
Ըստ հրապարակման՝ Շէյխ Թահայում և Վիլլաներում հայերի բնակարաններ են վնասվել։ Բախումները քաղաքում սաստկացել են։ Շէյխ Մաքսուտ և Աշրաֆիե շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։
Լրատվականը հայտնել է փամփուշտների ու ռումբերի աղմուկի մասին։
Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Ազգային առաջնորդարանի դիվանը հունվարի 7-ին հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում:





































