Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է, «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չեն տվել, և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։
Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծել է, որ քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել էր սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդն ընդունել էր հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին մոտ, իրավիճակը կտրուկ փոխվել էր, և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։
«Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները, կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տնից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- նշել է Գաբրիելյանը:
Դեկտեմբերի 22-ին Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում բախումներ էի տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից ուժերի և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորների թիվը հասել էր 16-ի: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։ Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։





































