Կառավարությունը հունվարի 8-ի նիստում հավանություն է տվել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու նախագծին։
Պաշտպանության նախարարության նախագծում նշվում է, որ վերջին տարիներին պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ չի իրականացվել զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով։
Զորակոչը հայտարարելու է ՀՀ կառավարությունը՝ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ։ Սահմանվում է զորակոչի թվաքանակը՝ մինչև 10 անձ, չնայած ներկայումս առկա է ընդամենը մեկ դիմումատու, որը նախկինում խուսափել էր զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:
Նախագծի համաձայն՝ զորակոչը վերաբերում է պահեստազորի սպայական կազմին՝ հիմնականում նախկինում բժշկական համալսարանում ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցած անձանց։
Օրինագծում հաշվի են առել 2024 թվականի օրենսդրական փոփոխությունները, որոնցով մինչև 45 տարեկան պահեստազորի սպաները կարող են իրենց ցանկությամբ զորակոչվել կամ ընտրել ծառայության կրճատված տարբերակներ՝ պետական բյուջե վճարումների դիմաց։





































