Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում երկրորդ օրն անընդմեջ տեղի են ունենում մարտեր կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև, որոնց հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ փախել են, առնվազն չորս մարդ զոհվել է, հաղորդում է Reuters-ը:
Սիրիայի կառավարական զորքերի ու քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև փոխհրաձգություն է ընթանում՝ ըստ հաղորդումների:
Գիշերը հարաբերական հանդարտությունից հետո կրակոցները վերսկսվել են այսօր՝ հունվարի 7-ին, և ուժեղացել օրվա երկրորդ կեսին, հայտնում են քաղաքում Reuters-ի թղթակիցները: Հալեպի առողջապահության վարչությունը հայտնել է, որ ևս 18 մարդ վիրավորվել է:
Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել էին, կիրառվել էր հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Ազգային առաջնորդարանի դիվանն ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում:





































