Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, այսօր ՊԵԿ-ում հայտարարել է վարչապետը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։
«Բայց վարչապետի պաշտոնում հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն»,- ասել է նա:
Վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել «Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին»։ Նա անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին և ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիություն ապահովելն է։
Վարչապետի դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով․ «Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ կիրառենք, հնարավորություն է տալու ՊԵԿ-ի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել։ Մի իքս պահի, հավատում եմ, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»։
Նա նաև ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։



































