Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջող բանակցություններ կլինեն, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Էրդողանը նշել է, որ և՛ Անկարային, և՛ Մոսկվային Կովկասում կայունություն է պետք։
«Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերին»,- նշել են գրասենյակում։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու համար: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերում ունեցած ծանրակշիռ ներդրման համար»։
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Անդրկովկասի խնդիրները:
«Այս բոլոր ուղղություններով ռուս-թուրքական փոխգործակցությունը լավ կարգավորված է, կրում է կոնկրետ, օգտակար և ես կասեի՝ վստահելի բնույթ»,- ընդգծել է Պուտինը։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերություններն առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում շարունակում են զարգանալ: Նա վերահաստատել է ՌԴ նախագահին Թուրքիա հրավիրելու հայտարարությունը։
«Անհամբեր սպասում ենք ձեզ: Մեզ կապում են վստահության վրա հիմնված անկեղծ հարաբերություններ, որոնք զարգանում են՝ չենթարկվելով ներկա հանգամանքների ազդեցությանը»,- հայտարարել է Էրդողանը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ գոհ է երկրների առևտրի զարգացման տեմպից, քանի առևտրաշրջանառությունն առաջին կիսամյակում աճել է 3%-ով։
«Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակով փորձված գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- նշել է Պուտինը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 11-ին Փաշինյանն Էրդողանին էր ներկայացրել ամերիկյան բանակցությունների արդյունքները, իսկ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը և Էրդողանը կարևորել էին տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան






































