Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով իրանական միջուկային օբյեկտներին հասցված վնասը լուրջ է, IRIB հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ներկայումս, վերջին երկու օրվա ընթացքում հարձակումների ժամանակավոր դադարեցումից հետո, Ատոմային էներգիայի կազմակերպության աշխատակիցները մանրակրկիտ գնահատում են մեր օբյեկտներին հասցված վնասի չափը։ Այդ վնասը, պետք է ասել, լուրջ է։ Փորձագիտական քննարկումներ են ընթանում»,- ասել նա։
Արաղչին շեշտել է, որ ԱՄՆ-ն հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ զգալիորեն բարդացրել է իրավիճակի կարգավորման շուրջ հետագա բանակցությունները։
«Նախկինում Իրանի միջուկային խնդիրը գտնվում էր խաղաղ կարգավորման ճանապարհին, բայց հիմա, երբ տեղի է ունեցել պատերազմ և մարդկային արյուն է թափվել, իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, և համաձայնությունը չի կարող ձեռք բերվել այնքան հեշտ, որքան նախկինում»,- ասել է նախարարը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։