Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ վարել նրա միջուկային ծրագրի շուրջ և համաձայնության հասնել, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CNN-ը։
«Մենք պատրաստվում ենք Իրանի հետ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ համաձայնագիր ստորագրենք։ Ինձ չի հետաքրքրում՝ մենք համաձայնություն ունենք, թե ոչ ։ <…> Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը», – հավելել Է նախագահը։
Խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ Թրամփն ընդգծել է՝ «մենք կխնդրենք միայն այն, ինչ խնդրել ենք նախկինում, այն մասին, որ մենք միջուկային զենք չենք ցանկանում (Իրանից)»: Թրամփը նշել է, որ «վատ չէր լինի փաստաթուղթ ստանալ» Թեհրանի հետ բանակցությունների արդյունքում:
«Մենք կցանկանայինք խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ, և ակնհայտ է, որ դա կախված կլինի ոչ միայն խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանի պատրաստակամությունից, այլև Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց, այլ ոչ թե ինչ-որ երրորդ կամ չորրորդ երկրի միջոցով»,- իր հերթին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին:
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 606 մարդ։