ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է վաճառել այս տարվա մարտին գնած վառ կարմիր Tesla Model S-ը։ Որոշումը կայացվել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ հրապարակային կոնֆլիկտի ֆոնին, հայտնել է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Չնայած էլեկտրական մեքենաների դեմ իր նախկին կոշտ հայտարարություններին՝ Թրամփը Tesla-ին գնել էր այն, երբ Մասկը միլիոնավոր դոլարներով մեծապես աջակցել էր նրա ընտրարշավին: Մարտին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ նախագահն ընտրել էր Model S-ը՝ ասելով, որ մեքենան կօգտագործվի Սպիտակ տան աշխատակիցների կողմից։
Այժմ այս մեքենան վաճառքի է հանված։ Արժեքը, ըստ կայքի, շուրջ 80 000 դոլար է։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Երկու միլիարդատերերի միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներն սկսվել են, երբ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում: