Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հայտնել է Իրանի և Իսրայելի հակամարտության ընթացքում Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին հաղորդագրությունները ստուգելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հայտնել է Irna-ն, կողմերի հեռախոսազրույցի ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի վրա հարձակման նպատակով Ադրբեջանի տարածքով իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններին»:
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը «շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգության հետ կապված բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացվող տեղեկատվության ստուգման անհրաժեշտությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով»:
Նշվում է, որ Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն «կտրականապես բացառում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը»:
Իրանի դեմ Իսրայելի գործողության մեջ Ադրբեջանի ներգրավվածության մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հունիսի 17-ին հայտնել էր, որ Իրանն Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։