Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որի հաղորդումները Հայաստանում կասեցված էին 2024 թվականից, փորձել են թունավորել պիցցայով, հայտարարել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դատարանում ներկայացված ձայնագրությանը:
Ձայնագրության մեջ խոսվում է Яндекс еда-ի պատվերը փոխելու մասին։ Կայքի տվյալներով՝ մեղադրյալները քննարկել են «պատվերը փոխելու և թունավորված պիցցա տեղադրելու», ինչպես նաև հաղորդավարի մեքենայի ղեկը թունավորելու ծրագիրը: Հետագայում, քննիչների խոսքով, նրանք հրաժարվել են այս ծրագրից՝ անցնելով հեռուստահաղորդավարի մեքենան պայթեցնելու ծրագրին։
Դատարանում մեղադրյալներից մեկը պնդել է, որ ձայնագրությունը մոնտաժված է: Մեկ այլ անձ խոստովանել է, որ հետևել է մեքենային, բայց ընդգծել է, որ սպանություն կատարելու մտադրություն չի ունեցել, նշել է ՏԱՍՍ-ը։
Գործում ներգրավված է յոթ անձ՝ Անդրեյ Պրոնսկին, Տիմոֆեյ Մոկին, Վլադիմիր Բելյակովը, Վլադիմիր Ստեպանովը, Մաքսիմ Դրուժինինը, Անդրեյ Վոլկովը և Դենիս Աբրարովը: Եվս մեկ մեղադրյալ՝ Վլադիմիր Ստրիժակովը, ճանաչվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման: Քննիչները կարծում են, որ Պրոնսկին կազմակերպիչն էր՝ պնդելով, որ նա այդ հանձնարարությունն ստացել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից։
2024 թվականի մարտին Հայկական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանցը դադարեցրել էր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը՝ վկայակոչելով Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումները։



































