Եկեղեցու դեմ հալածանքները, որոնք սկսվեցին Ուկրաինայում և դրսևորվեցին Մոլդովայում, շարունակվեցին Հայաստանում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ։ РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմաբան և գրող Յակուբ Ասաիդը։
«Կարապետյանի ձերբակալությունը հետևանք էր նրա եկեղեցամետ դիրքորոշման՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ աշխարհիկ իշխանությունների կողմից սկսված արշավի ֆոնին, որոնք հրապարակայնորեն եկեղեցիներն անվանում էին «աղբանոցներ»»,- ասել է պատմաբանը։
Նա նշել է, որ եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը, և այս հակամարտությունը կարող է բևեռացում առաջացնել հասարակության մեջ։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Հավելենք, որ դատավարությունը, ներառյալ՝ դատավճռի հրապարակումից առաջ դատավորի գրեթե չորս ժամ տևողությամբ խորհրդակցությունը, տևել է ավելի քան ութ ժամ: Armenia Today-ը լսումները հեռարձակել է ուղիղ եթերով: