Օրերս ֆեյսբուքյան տիրույթում տեսանյութ էր տարածվել, որտեղ ծորակից կապույտ ջուր է հոսում: Տեսանյութի հեղինակից ու այդ շենքի մյուս բնակիչների տներից ջրի նմուշառում է կատարվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը` ի պատասխան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե ինչ քայլեր են կատարվել քաղաքացիների ահազանգից հետո:
Ըստ կենտրոնի ներկայացուցչի՝ կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, համապատասխան լաբորատոր հետազոտություններ, բայց որևէ անհանգստացնող բան չի հայտնաբերվել։ Բնակիչներից մեկի սրբիչները կապտել են սրբվելուց հետո, սակայն դա չի կարող բնորոշել ջրի որակի պատկերն առհասարակ:
«Վեոլիա ջրի» ներկայացուցիչն իր հերթին հայտնեց, որ իրենք նույնպես ջրի նմուշառում են կատարել և պարզվել է, որ ջուրը համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին։ Նշված դեպքը կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա սանիտարական սարքերի խափանման հետ, որը կարգավորվել է։



































