Խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան հերքել է այն տեղեկությունը, թե ընդմիշտ տեղափոխվել է Հայաստան։
«Ես հրապարակայնորեն դիմում եմ բոլորին, ովքեր հրապարակել են ապրիլի 4-6-ը Հայաստան կատարած իմ այցի մասին՝ «նա ընդմիշտ հեռացել է Ռուսաստանից» համատեքստում։ Նախ՝ սովորեք կարդալ ռուսերեն: Նրանց համար, ովքեր չգիտեն` ինչպես, թարգմանում եմ. գրառմանս իմաստն այն է, որ ամբողջ աշխարհը լցված է ատելությամբ ռուսական ամեն ինչի նկատմամբ, բայց Հայաստանում պահպանել են բարեդրացիական վերաբերմունքը։
Երկրորդ՝ գրողներից ոչ մեկը չի խոսել ո՛չ իմ, ո՛չ էլ իմ գործակալի հետ, ինչը նշանակում է, որ նրանք միտումնավոր կեղծ տեղեկություններ են գրել իմ ընտանիքի դեմ հասարակական բացասական կարծիք ստեղծելու համար։ «Ուղևորվեց Երևան» և «Ռուսաստանից փախած» արտահայտությունները երկու մեծ տարբերություններ են, և բոլորը, ովքեր որոշում են սենսացիա անել դրանից, լավ գիտեն մանիպուլյացիայի մասին: Այսպիսով, ձեր ներկայացրած տեղեկատվությունը առաջացրեց «նա Ռուսաստանի թշնամին է» և «հայրենիքի դավաճան» արձագանքը, ինչը հաստատված է իմ էջում, բոլոր սքրինշոթները պահպանված են»,- գրել է Ստրիժենովան։
Նա նշել է, որ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում իր աշխատանքը վտանգված է։ «Եվ վերջինը՝ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այլ անձնագրեր չունեմ, այլ երկրներում անշարժ գույք չունեմ։ 14 տարեկանից աշխատում եմ, փողերս ռուսական բանկերում են, իմ երկրում հարկ եմ վճարում։ Կատարում եմ բարեգործություն։ Բոլոր նրանց, ովքեր կեղծ լուրեր են գրել, թե իբր ես «փախել եմ և դավաճանել հայրենիքիս», ուղիղ մեկ օր ժամանակ եմ տալիս այս սուտը հեռացնելու իրենց էջերից։ Այդ ժամանակ ես կսկսեմ գործել օրինական դաշտում։ Հուսով եմ, որ «ֆեյքերի օրենքից» հետո իմ հայրենիքը կպաշտպանի ինձ»,- գրել է Եկատերինա Ստրիժենովան։