Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց, որով պահանջել են իշխանությունների հրաժարականը։ Նրանք իրենց ակցիան անվանել են «Նիկոլի ծուռ հայելիները» և համապատասխան գրությամբ պաստառ պահել։
Ակցիայի կազմակերպիչ Էլեոնորա Մանանդյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն յոթ ու կես տարի իշխանության ղեկավար է, ու եթե պաշտոնավարման սկզբում կարող էր բոլոր ձախողումներում մեղադրել նախկին իշխանություններին, ապա այդ ժամանակը բավարար էր անգամ «փլատակներից պետությունը հանելուն»։
«Կորցրել ենք Արցախը, բայց նաև ՀՀ տարածքները, կորցրել ենք մեր հիմնարար սրբությունները, վեհությունը, որ կար անգամ դպրոցներում։ Նիկոլին հաջողվել է նաև տապալել պետական ապարատը։ Նիկոլն այն համաճարակն է, որ կարողացավ տապալել անգամ մարդկանց սրտերը»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցները հերթով ներկայացրել են իրենց կարծիքով՝ «ծուռ հայելիները»։ Դրանցից առաջինն անվանել են «Նիկոլի խաղաղությունը»։
«Մենք ոչ միայն ցանկացել ենք, այլ երազում ենք խաղաղության մասին։ Բայց պետք է ընդունենք և գիտակցենք, որ խաղաղությունը միայն ուժեղների մենաշնորհն է։ Նիկոլի խաղաղությունը մեր տարածքների կորուստն է և ցեղասպանությունը»,- նշել է մասնակիցներից մեկը։
Հաջորդ ծուռ հայելին ակցիայի մասնակիցներն անվանել են «Նիկոլի իրական Հայաստան»։
«Նիկոլի իրական Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ մարդիկ կարծիք հայտնելու համար ապօրինի դատվում են, նրա բերած Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ մարդիկ վախենում են ազատ խոսել, որովհետև իրենց տանը կարող են լինել «ժուչոկներ», կարող են տեսանկարահանել։ Եվ դա այն Հայաստանն է, որտեղ մարդիկ ընտրությունների մասնակցել համարձակվելուց առաջ պետք է մտածեն, որ մի օր կարող են մտնել իրենց բարեկամների, հարազատների տներ՝ խուզարկության։ Նիկոլի իրական Հայաստանը՝ Հայաստանն Ադրբեջանի կազմում դարձնելը, իրական վտանգ է»,- նշել է մեկ այլ մասնակից։
Երրորդ «ծուռ հայելին» ակցիայի կազմակերպիչներն անվանել են «Նիկոլի պատարագները»։ Մասնակիցներից մեկը պարզաբանել է, որ վարչապետը հեռու է քրիստոնյա լինելուց և աղավաղում է հավատը։
«Մեր եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր գոյատևում ենք․ հարվածելով մեր եկեղեցուն՝ Նիկոլը հարվածում է մեր գոյատևմանը։ Նա մեզ բնաջնջման է տանում։ Վեհափառը հայ եկեղեցու խորհրդանիշն է, երբ հարվածում ենք նրան կամ ցանկացած հոգևորականի, ինքնըստինքյան հարվածում ենք Հայ Առաքելական եկեղեցուն և մեզ։ Նիկոլի պատարագները պարզապես հայ եկեղեցու և ազգի բնաջնջումն են»,- հայտարարել է ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մասնակիցիցներից մյուսը ներկայացրել է վերջին՝ չորրորդ հայելին, որն անվանել էին «Նիկոլի քահանաները»։
«Ցավոք, Նիկոլի դավաճանությունը հասավ այնտեղ, որտեղ չպետք է հասներ, անձանց, ովքեր հոգևոր դաշտում էին։ Հոգևոր հայրերի անկումը ծանր է և՛ նրանց, և՛ ամբողջ հասարակության համար։ Նիկոլի քահանաները, ովքեր կեղծ բարեպաշտության հողի տակ իրականացնում են այդ պատարագները, հավատի ջարդ և քրիստոնեության աղավաղում են իրագործում»,- նշել է մասնակիցը։
Ակցիայի ավարտին Մանանդյանը ներկայացրել է, իր պատկերացմամբ, հայ ազգի «ճշմարիտ հայելիները»։
«Առաջին նպատակն է անհապաղ ազատվել չարիք հանդիսացող Նիկոլից և նրա ապարատից։ Ընդդիմությունը պետք է համախմբվի Նիկոլի դեմ՝ հանուն Հայաստանի։ Ամեն հայ պետք է պաշտպանի ազգին հիմնասյուն Հայ Առաքելական եկեղեցին։ Ազգովի պետք է խնդրենք Միքայել սրբազան Աջապահյանին դառնալ ՀՀ վարչապետ»,- հայտարարել է Մանանդյանը։
Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի դիմաց նույն քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել հաջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, որը հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։


























