ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր երեկոյան Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրեն:
«Ես անհամբեր սպասում եմ, որ վաղը Սպիտակ տանը հյուրընկալեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», – գրել է նա Truth Social-ում։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ երկու երկրները երկար տարիներ պատերազմի մեջ են եղել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Թրամփը հավելել է, որ շատ առաջնորդներ փորձել են վերջ տալ պատերազմին, սակայն դա չի հաջողվել մինչև հիմա, իսկ հիմա հաջողվել է շնորհիվ «TRUMP»-ի՝ («ԹՐԱՄՓԻ»)։
Թրամփը տեղեկացրել է, որ իր վարչակազմը բավական երկար ժամանակ կապի մեջ է եղել երկու կողմերի հետ։
«Վաղը (օգոստոսի 8-ի երեկոյան- AT) նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության պաշտոնական ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որոնք ճիշտ քայլ են անում Հայաստանի և Ադրբեջանի մեծագույն ժողովրդի համար։ Դա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար», – հավելել է նա:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտնել է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:30-ին: 23:10-ին էլ ԱՄՆ նախագահը կընդունի Ադրբեջանի ղեկավարին, որի հետ Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու: Եռակողմ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է կեսգիշերն անց՝ 00:15-ին, տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին:
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։ Reuters-ն էլ հավելում է, որ կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար: