Rio Mall-ի («Ռիո մոլ») անձնակազմն աջակցություն է հայտնել բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։
Հայտարարության մեջ նշվում է, որ տարիներ շարունակ Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով ապրում ու գործում է հայ մարդու, հայ ընտանիքի և հայրենիքի համար։ Անհատ, ով շարունակական ազգանպաստ գործունեություն է իրականացնում Հայաստանում։
«Մանկավարժների արժանի զավակ` մարդ, ով իր ամբողջ էությամբ ու կյանքով նվիրված է հայրենիքին՝ ապրելով օտար հողում։ Նրա ամբողջ ուղին կառուցված է մեկ անսասան սկզբունքի վրա՝ օրենքի գերակայության։ Դա դարձել է նրա գործունեության անկյունաքարը թե՛ բիզնեսում, թե՛ բարեգործության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Առևտրի կետրոնի անձնակազմը շեշտել է, որ Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք։ Այնուհետև թվարկել են նրա կատարած բարեգործությունները, որոնց արդյունքում հազարավոր ընտանիքներ գտել են նոր տուն, շնորհիվ կառուցված բուժհաստատությունների կյանքեր են փրկվել, համայնքներն ստացել են կրթական, մշակութային և տնտեսական զարգացում։
Նշվում է, որ ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին իր դռներն է բացել «Ռիո մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:
«Պետության համար ճակատագրական պահերին Կարապետյանը միշտ կանգնած էր բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով։ Վստահ ենք, որ Կարապետյանի անկոտրում հայրենասիրական միտքը անպարտ կմնա: Հայոց աշխարհն ուժեղ է, քանի դեռ կան հայ ազգի նվիրյալներ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց համար, այլ՝ ժողովրդի, հայրենիքի և հավիտենական արժեքների»,- հավելել են կենտրոնից։
Հունիսի 23-ին բարերարին աջակցություն էր նաև հայտնել Dalma Garden Mall-ը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Հունիսի 24-ին նրան տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։