«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը լիակատար աջակցություն է հայտնել բարերար, գործարար, ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին:
Հայտարարության մեջ նշվում է, որ տարիներ շարունակ աշխատելով Կարապետյանի հետ՝ նրան ճանաչում են որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրի հոգսով ապրող, կոլեկտիվի հուսալի ու վստահելի ընկերոջ:
«Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,- ասվում է հայտարարության մեջ:
Անձնակազմը շեշտել է, որ Կարապետյանը, երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է արձագանքել բոլոր խնդիրներին, մեծ աջակցություն ցուցաբերել բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև աշխատակազմի յուրաքանչյուր անդամի։
Ընկերությունը հիշեցրել է, որ «մշտապես արել և շարունակում է անել առավելագույնն իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան՝ իր սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար»։
Աշխատակիցները նաև նշել են, որ 2015թ. «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես և ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ, ընդհանուր՝ շուրջ 700 մլն դոլարի չափով:
Արդյունքում՝ ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Ըստ հաղորդագրության՝ հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա:
Նշվում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին են ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, և սպասում են արձագանքի։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ընկերությունն այսօրվա դրությամբ՝ ֆինանսապես կայուն վիճակում է, վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։