ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոստացել է, որ Ռուսաստանը կաջակցի Սամվել Կարապետյանին և նրա փաստաբաններին: Այս մասին Զախարովան հայտարարել է գերատեսչության ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանի քաղաքացին, ռուս գործարարը միշտ մեզանից օգնություն և աջակցություն կստանա։ Բնականաբար, Կարապետյանին աջակցություն կցուցաբերվի»,- հայտարարել է նա։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։