ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է «Տավուշ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ պնդելով, որ տեղի ունեցածը «գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր»։ Այս մասին Քոչարյանի հայտարարությունը տեղադրված է նրա ֆեյսբուքյան էջում:
«Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար», – գրել է նա։
Ռոբերտ Քոչարյանն այս «խայտառակ իրավիճակից» միակ ելքը տեսնում է իշխանափոխության մեջ:
«Այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը», – շեշտել է երկրորդ նախագահը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը՝ իր աջակցությունը հայտնելով եկեղեցուն, ինչից հետո իրավապահները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Ավելի քան 45 անձ էր բերման ենթարկվել: Ավելի քան 8 ժամ խուզարկություններից հետո գիշերը ժամը 3-ին Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել տնից և բերման էր ենթարկվել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այն անվանել է շինծու և մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։