Ադրբեջանում կայացած Օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի տարածք տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաշտության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն նախապայման է», հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ ուշադրություն է պահանջվում անցյալ դարի սկզբից Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ բռնի տեղահանման հարցը։
«Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այս մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձը իրենց հայրենի հողեր։ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հաստատման համար»,- շեշտել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Մարտին մամուլը գրել էր, որ խաղաղության պայմանագրի կետերից բացի՝ Բաքուն հավելյալ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, այդ թվում՝ 350 հազար ադրբեջանցի փախստականների «վերադարձը» Հայաստան, «Զանգեզուրի միջանցքի» բացում և ռազմական գործողությունների մասնակիցների հանձնում։