Խաղաղության պայմանագրի կետերից բացի Բաքուն հավելյալ պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ ներառյալ 350 հազար ադրբեջանցի փախստականների «վերադարձը» Հայաստան, Զանգեզուրի միջանցք և ռազմական գործողությունների մասնակիցների հանձնում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ թեև ՔՊ-ում խաղաղության համաձայնարի շուրջ աշխատանքներն ավարտելու լուրն ակտիվորեն տարածում են, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում, որ սա չի նշանակում, թե պայմանագիրն ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել:
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։