Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգում է, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններին և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ բանտից արված հայտարարության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «այն տեղեկությունները, որոնք իմացել են և այն տեսարաները, որ տեսել են, մտահոգիչ են»:
«Մեր դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի: Մեր խնդիրը, առաջին հերթին, չվնասելն է և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ բանտարկյալների հարցով կարող է հայտարարություն անել, որը «կբավարարի հայրենասիրական էմոցիաները», սակայն մտավախություն ունի, որ դրա հետևանքները «մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա»։
Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում ՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Այս գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում:
Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները: Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվի բանտում։ Նախկին պետնախարարը հունվարի 16-ի հայտարարության մեջ իր քրեական գործով բոլոր արձանագրությունները կեղծված էր անվանել և մի քանի պահանջ ներկայացրել ադրբեջանական իշխանություններին:
Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայերին աջակցելու կոչ էին արել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերության խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և այլ գործիչներ:
Հունվարի 19-ին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Միջազգային դատարան կներկայացնի Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ:
Վարդանյանի գործով նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: Դատարանը բավարարել էր նախկին պետնախարարի փաստաբանների միջնորդությունը՝ գործին ծանոթանալու համար լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ լինելու մասին՝ Վարդանյանին տրամադրելով 10 օր։