Վերաքննիչ դատարանում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առտամյանի գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախագահող Վաչե Մարգարյանին, որը հայտնի է որպես իշխանական դատավոր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Վաչե Մարգարյանը, ինչպես նշում է լրատվամիջոցը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաև Վաչե Մարգարյանի անունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ ասել էր, որ «եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են գործը մակագրում»։
«Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը», – ասել էր Սարգսյանը։
«Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորի ձեռքում է արցախցի տարեց պապիկի ճակատագիրը», – հավելել է օրաթերթը։
74-ամյա Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել վարչապետի ուղղությամբ խնձոր նետելու միջադեպի համար։ Ապրիլի 11-ին դատարանը արդարացրել էր նրան։ Դատախազությունը բողոքարկել է արդարացման դատավճիռը: