Մարդու իրավունքների պաշտպան ներկայացուցիչները հունիսի 19-ին այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական առանձնազրույց ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
ՄԻ պաշտպանը հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ): Նույն օրը, ըստ հաղորդագրության, պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու պետական մարմիններից:
Չի նշվում, թե ինչ արդյոք պետական մարմիններն արդեն պարզաբանումներ տվել են ՄԻՊ-ին:
ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել է, որ այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը՝ իր աջակցությունը հայտնելով եկեղեցուն, ինչից հետո իրավապահները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Ավելի քան 8 ժամ խուզարկություններից հետո գիշերը ժամը 3-ին Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել տնից և բերման էր ենթարկվել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը, այն անվանել է շինծու և մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։