«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար (ՔՕ 422 հոդվածի 2-րդ մաս), Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները՝ դա ապօրինի որակելով:
Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարեց, որ մեղադրանքն իրականության հետ որևէ կապ չունի, նաև տեղեկացրեց, որ դատարան է ներկայացվել կալանքի սանկցիա:
«Կարապետյանին ներկայացվել է ապօրինի մեղադրանք, նա չի ընդունում այդ մեղադրանքը: Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործությո՞ւն է, թե՞ հանցագործություն չէ»,- ասաց Ֆերոյանը:
Փաստաբան Լիանա Գասպարյանն էլ ասաց, որ իրենց տեղեկություններով՝ քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, այս միջնորդությունը քննվելու է Ավանի դատարանում: Նա պնդեց՝ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, իրենք բոլոր ատյաններում բողոք են ներկայացնելու:
«Ընդ որում` զավեշտալին այն է, որ նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով տուգանք, հանրային աշխատանքներ ու հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն։ Նման հոդվածով անձին ներկայացնել կալանքի ևս վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացn ապօրինի է»,- շեշտեց նա:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնել։ Թքած ունեմ ցանկացած ՀԷՑ-երի վրա, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդն իր խոսքը կասի, իրենք հասկանալու են: Չմոռանաք, բոլորին դաս կտանք»,- նախքան ոստիկանություն տեղափոխվելը՝ իր տան մոտ, հայտարարել էր Կարապետյանը: