Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո սկսված նավթի արտահոսքը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Նա հավելել է, որ մասնագետներն աշխատում են կանխել նավթամթերքների հոսքը Տուապսե գետ: Նրա խոսքով՝ 40 ջրասուզորդից բաղկացած խումբը կսկսի հավաքել նավթամթերքը, որը կարող է արտահոսած լինել Սև ծով:
Նախարարը հավելել է, որ շուտով կտեղադրվեն հատուկ սարքավորումներ՝ ծով նավթի հետագա արտահոսքը կանխելու համար: Նա վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է:
Նավթի արտահոսքն առաջացել էր ապրիլի 28-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո գործարանում բռնկված հրդեհից հետո: Մասնագետները հեռացրել են 7270 խորանարդ մետր աղտոտված հող և նավթաջրային խառնուրդ: Տուապսեում հայտարարվել է տարածաշրջանային արտակարգ դրություն: Քաղաքի ջրամատակարարումը մասամբ սահմանափակվել է։























