Նոյեմբերի 7-ին սպասվում է 2025 թվականի ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Ըստ նրա՝ նույնիսկ թուլացած տեսքով ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-G4 միջակայքում, այսինքն՝ դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում՝ վերահաշվարկի դեպքում, այս միջակայքը, հավանաբար, կտեղափոխվի G4-G5 (ծայրահեղ ուժեղ) միջակայքի, պարզաբանել է նա։
Ազիզյանն զգուշացրել է, որ երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։
ՊՈԱԿ-ից նաև զգուշացրել են փոթորկի պատճառած խանգարումների մասին։ Հիմնականում՝ դրանք բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Պաշտպանվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի, շատ ջուր խմել և մի քանի ժամ անցկացնել մաքուր օդում։





































