ՀՀ քաղաքացիները, հարցումների համաձայն, դժգոհ են կառավարության աշխատանքից և պետական համակարգի արդյունավետությունից:
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) տվյալների՝ քաղաքացիների 61%-ը նշել է, որ չի վստահում ոչ մի քաղաքական գործչի։
Gallup International-ի տվյալներով՝ հարցվածների 49,1%-ը վարչապետի աշխատանքին տվել է բացասական գնահատական։
Armenia Today-ի սեպտեմբերի 20-30-ն արված հարցման տվյալների համաձայն՝ քաղաքացիների մեծամասնությունը՝ 50%-ից ավելին, հիասթափված է քաղաքական գործիչներից՝ իշխանությունից ու ընդդիմությունից։ Նրանք դժվարանում են նշել ուժերի, որոնց կտան իրենց քվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ փորձելով պարզել՝ եթե քաղաքացիներն ունենային հնարավորություն ղեկավարելու երկիրը, ո՞ր խնդիրները կդնեին առաջին տեղում, որո՞նք են առաջնահերթ համարում։
Հարցվածներից մի քանիսն ասել են, որ ղեկավար լինելու դեպքում կբարելավեին քաղաքացիների կյանքը, կլուծեին սահմանների անվտանգության հարցը, խցանումների ու ճանապարհների հարցը, որոշներն էլ պատասխանել են, որ թոշակները կբարձրացնեն։
«Առաջինը` սահմանների հետ կապված խնդիրը կլուծեի, եթե ունենանք ամուր, ապահով սահման, երկրի մյուս հարցերը կլուծվեն։ Ժողովրդի կյանքը կբարելավեի ու երիտասարդների»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ առաջնահերթ հանցագործներին կբռներ։
«Չէի թողնի պետությունը խառնեին իրար»,- հավելել է նա:
Քաղաքացիներից մեկն էլ հավելել է, որ առաջինը կկարգավորեր կրթական համակարգի աշխատանքը։
«Կարգ ու կանոն կհաստատեի, կորել է այդ ամեն ինչը։ Դպրոցներում կրթությունը բարձր մակարդակի վրա կլիներ։ Եվ աշխատատեղեր կստեղծեի, աշխատավարձերը կբարձրացնեի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



































