Հայաստան-Վրաստան աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա մանրամասնել է, որ Վրաստանից երեկ՝ հուլիսի 29-ին փոխանցված տվյալների համաձայն՝ Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա, իսկ 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։
«Այս վիճակագրությունն ապացուցում է, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունն (այս դեպքում՝ ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին»,- նշել է նախարարը։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ էին անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում: Մայիսին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
Հունիսի 23-ին Պապոյանը տեղեկացրել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։