Իշխանությունները մտադիր են Ազգային ժողովի արտահերթ նիստով պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու մտադրությունն ու հայտարարել, որ արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը։
««Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը, ԱԺ ՔՊ խմբակցությունը քննարկումներ են անցկացրել նաև կառավարության գործընկերների հետ: Համատեղ աշխատանքով օրենքի նախագիծ է մշակվել, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Երբ պետությունն ստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, այդ կետից սկսած հետագա սցենարներն ավելի հանգիստ պայմաններում կքննարկենք»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել է և ընդգծել, որ էներգետիկ համարագում խնդիրներ է արձանագրել։
«Ունենք խնդիրներ, այդ թվում՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ։ Երեկ մասնակցում էի Homplex հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են կատարել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անցկացնել։ Անընդհատ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավումից։ Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ հատուկ սաբոտաժ է արվել, կա՛մ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են»,- հավելել է Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀԷՑ-ին։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որին է պատկանում նաև ՀԷՑ-ը, հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝