Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու անհրաժեշտության մասին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշողը ՀՀ ժողովուրդն է, իհարկե, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են։ Սա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- հավելել է նա։
Փաշինյանը պնդել է, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ, որն Ադրբեջանը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման հարցն օրակարգում է 2018 թվականից՝ իր ղեկավարած քաղաքական ուժի իշխանության գալուց անմիջապես հետո։
Փաշինյանի համոզմամբ՝ անցյալում սահմանադրական հանրաքվեները «մանիպուլացվել կամ կեղծվել են», այդ իսկ պատճառով հասարակության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ Սահմանադրությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։
«ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք, և ես դա տեսնում եմ ամեն օր, իմ ամենօրյա աշխատանքում։ Սահմանադրական բոլոր հանրաքվեները հանրային համոզվածության համաձայն՝ ժողովրդի անհրաժեշտ ձայներ չեն ստացել, այլ կերպ ասած՝ արդյունքները մանիպուլյացվել կամ կեղծվել են։ Ես ինքս՝ որպես լրագրող, լուսաբանել եմ այս բոլոր հանրաքվեները»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, դժվարացել է նշել սահմանադրական փոփոխությունների ներդրման կոնկրետ ժամկետներ։
Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել պետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու Երևանի գրավոր առաջարկին։ Այսպես է նա պատասխանել լրագրողների հարցադրումներին, որ գործընթացը կասեցվել է և կարող չազդել ադրբեջանական զորքերի օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի վրա։
«Մենք հույս ունենք, որ նրանք կարձագանքեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակը փակուղային չի համարում։
Վերջինս պարզաբանել է, որ Երևանի առաջարկը վերաբերում է հյուսիսից հարավ տանող այն կոնկրետ հատվածին, որտեղ պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքներ։
Փաշինյանը մեկնաբանել է բնակչության արձագանքը տարածաշրջանում հաղորդակցությունների և ճանապարհների բացմանը և վստահություն հայտնել, որ սյունեցիներն աջակցում են Ադրբեջանին Հայաստանի տարածքով ապրանքներ տեղափոխելու թույլտվություն տալու որոշմանը։
«Եթե մենք նման վստահությամբ հայտարարենք, որ պատրաստ ենք շարժվել այս ուղղությամբ, դա նշանակում է, որ մենք որոշակի վստահություն ունենք, որ մեր հասարակությունը, այդ թվում՝ Մեղրի համայնքի բնակիչները, Սյունիքի մարզի բնակիչները, տեղի ունեցողը կընկալեն որպես «նորմալ կոմպրոմիս» և «փոխադարձաբար ընդունելի»»,- նշել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ Բաքուն դեռևս չի արձագանքել Երևանի գրավոր առաջարկին՝ Հորադիզ-Երասխ գծով երկաթուղային կապ բացելու վերաբերյալ, որը թույլ կտա բեռնափոխադրումներ իրականացնել «Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով»։ Փաշինյանը, մինչդեռ, պատրաստ է ոչ միայն «այդ որոշումները կայացնել այսօր», ինչպես ինքն է նշել, այլև պարզեցնել մի շարք հարակից ընթացակարգեր։
Գործադիրի ղեկավարն օգոստոսի 31-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, որն, իր հերթին, պարունակում է հղում Ադրբեջանի 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագրին:
Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։